Անտառապատման և խնամքի աշխատանքներին վերաբերող ծրագրի քննարկում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Եղեգնուտի անտառնտեսությունների աշխատակիցների հետ։ Անտառտնտեսություններ այցի նպատակը 2020 թվականին մեկնարկող անտառապատման և խնամքի աշխատանքներին վերաբերող ծրագրի քննարկումն էր։ Ըստ նախատեսված ծրագրի՝ արդեն մեկնարկային փուլում Լոռու մարզում կտնկվի մոտ 3000 հեկտար անտառ։
FAO-ի ներկայացուցիչները ԲՆ անտառային կոմիտեում խորհրդական Ռ․ Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրեն և «Եղեգնուտի անտառնտեսություն» մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Աղաբաբյանի ուղեկցությամբ, Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի կոնֆերանս դահլիճում նախ քննարկել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառնտեսության հաջողված փորձը՝ ծովի մակարդակից 2000-2400 մետր բարձրության վրա, Մարգահովիտի անտառպետության տարածքում անտառ հիմնելու, մշակելու, ապա անտառածածկ գոտիները ավելացնելու հետ կապված։ Այնուհետև կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել տեսնել վերոնշյալ տնկարկները, որոնք հիմնվել են այլ ծրագրերի օժանդակությամբ։ Որոշ հատվածներում ծառերի կպչողականությունը մինչև 90% է գնահատվել, որը բավականին բարձր ցուցանիշ է անջրդի և բարձրադիր լեռնային նման գոտիներում անտառապատման համար։