Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը նոյեմբերի 16-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի, տնօրենի տեղակալների, տարբեր բաժինների պետերի, անտառտնտեությունների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցության մեկնարկին կոմիտեի նախագահի պաշտոնակատարը «Անտառտնտեսություն մասնաճյուղեր»-ի տնօրեններին է ներկայացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արեգ Կարապետյանին։
Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել անտառտնտեսությունների տնօրենների կողմից ընթացիկ աշխատանքների ներկայացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառտնտեսություններում իրականացված աշնանային ստուգումներին, անտառների պահպանության, պաշտպանության, փայտանյութի մթերման և իրացման առաջադրանքների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քննարկվել են թափուկ տեսակի վառելափայտի հատկացմանը, հատատեղերին, անտառվերականգնման աշխատանքներին վերաբերող հարցեր։
Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը ներկաներին հորդորել է աշխատել առավել թափանցիկ և ընթացիկ աշխատանքներին մոտենալ առավել պատասխանատու կերպով, ինչպես նաև կարևորել է ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ի թիվս այլ հարցերի, կարևորել է հակահրդեհային միջոցառումների ճիշտ կազմակերպմանը վերաբերող հարցերը՝ ընդգծելով, որ դրանք առաջնային լուծում պահանջող հարցերից են։ Այդ համատեքստում Կարապետյանը կարևորել է բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
Խորհրդակցության ընթացքում կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը։