Անտառային կոմիտեի և «Հայանտառ»-ի մի քանի աշխատակիցներ մասնակցել են Բելառուսի Անտառային տնտեսությունում անցկացվող վերապատրաստման դասընթացի

Անտառային տնտեսության և անտառային արդյունաբերության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մինչև 2025 թ. ժամանակահատվածի առաջին փուլի (2016-2020թթ.) գործողությունների պլանի 10.2 կետի կատարման նպատակով ձեռք բերված համաձայնության շրջանակներում 2019 թվականի հունվարի 21-ից փետրվարի 1-ը Անտառային կոմիտեի նախագահի տեղեկալի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի գլխավորությամբ կոմիտեի  և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոնում անցել են վերապատրաստման երկշաբաթյա դասընթաց:

Դասընթացը կազմակերպվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ՝ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի թեմաներն էին.

Պետական կառավարումը՝ անտառների օգտագործման, պահպանության, պաշտպանության և վերարտադրության ոլորտներում

Տնկարանային տնտեսություն

  • Փայտամթերման ժամանակակից տեխնոլոգիաներ
  • Անտառների պահպանություն և պաշտպանություն
  • Որստնտեսության վարում
  • Բնության հատուկ պահպանվող տարածքներ և այլն:

Դասընթացի մեկնարկին Հայաստանից մեկնած խմբի հետ հանդիպել են Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարի առաջին տեղակալ Վ.Շատրավկոն և Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Ա. Ժուրավսկին: Նախարարի առաջին տեղակալի կողմից ներկայացվել է Բելառուսի Հանրապետության անտառների ընդհանուր վիճակը, առկա խնդիրներն ու ձեռքբերումները։

Նույն օրը վերապատրաստման կենտրոնում դասընթացի մասնակիցները ծանոթացել են անտառմթերման ժամանակ օգտագործվող մեքենաներին և հնարավորություն են ունեցել դրանք աշխատեցնել՝ ուսումնական սիմուլյատորների միջոցով:

Այնուհետև լսարանային պայմաններում անցկացվել է դասախոսություն՝ Բելառուսի Հանրապետությունում որստնտեսության կազմակերպման վերաբերյալ:

Մասնակիցներն այցելել են Անտառների պաշտպանության և մոնիտորինգի պետական հաստատություն, Անտառային սելեկցիոն սերմնաբուծական հանրապետական կենտրոն, «Բելգոսլես» հանրապետական միավորված ձեռնարկություն, «Նալիբոկսկի» հանրապետական լանդշաֆտային արգելավայր, «Բերյեզինսկի» կենսոլորտային արգելոց և չորս անտառտնտեսություններ:

Անտառների պաշտպանության և մոնիտորինգի պետական հաստատությունում մասնակիցները ստացել են տեղեկատվություն՝ Բելառուսի Հանրապետության անտառներում հանդիպող վնասատուների ու հիվանդությունների և դրանց դեմ կիրառվող պայքարի մեթոդների վերաբերյալ:

Անտառային սելեկցիոն սերմնաբուծական հանրապետական կենտրոնում մասնակիցները ծանոթացել են կոներից սերմերի անջատման, թևիկազրկման, կարգի որոշման, կոնտեյներներում աճեցնելու համար խառնուրդի պատրաստման և սերմերի ցանքսի, ծառերի՝ կտրոններով բազմացման և սելեկցիոն գործընթացներին:

«Բելգոսլես» հանրապետական միավորված ձեռնարկությունում մասնակիցները ծանոթացել են անտառաշինության կատարման մեթոդներին ու ժամկետներին, ինչպես նաև՝ «Բելգոսլես»-ի կողմից մշակված մի շարք իրավական ակտերի ու փաստաթղթերի:

«Նալիբոկսկի» հանրապետական լանդշաֆտային արգելավայրում մասնակիցները տեղեկություններ են ստացել  փասիանների բուծման ու պահպանության վերաբերյալ: Հարկ է նշել, որ փասիանների բուծարանը կառուցվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:

Արգելավայրում մասնակիցներն ականատես են եղել նաև բիզոնների կերակրման պրոցեսին:

Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև «Բերյեզինսկի» կենսոլորտային արգելոցում գտնվող բնության թանգարան, ինչպես նաև արգելոցի կենդանաբանական այգի:

Անտառտնտեսություններ կատարած այցերի ընթացքում մասնակիցները ծանոթացել են տնկարանային տնտեսության վարման, անտառների՝ հրդեհներից պահպանության, փայտանյութի մթերման ու վերամշակման, ինչպես նաև որսորդական տնտեսության վարման աշխատանքներին: Եղել են հատատեղերում և փայտամշակման արտադրամասերում, ինչպես նաև՝ տնկարանային և որսորդական տնտեսություններում:

Տնկարանային տնտեսությունում ծանոթացել են բաց և փակ գրունտում, ինչպես նաև փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման մեթոդներին:

Անտառտնտեսություններ այցերը ևս հագեցած են եղել․ տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ, կլոր սեղաններ, լրագրողների հետ հանդիպումներ և այլն:

Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոնում անցկացվել է դասախոսություն հետևյալ թեմաներով.

  • «Բելառուսի Հանրապետության անտառային ֆոնդի ներկա անտառպաթոլոգիական իրավիճակը և դրա զարգացման կանխատեսումը»,
  • «Անտառային վնասատուներից և հիվանդություններից անտառների պաշտպանության միասնական համակարգ»
  • «Տնկարկների արտադրողականության և կայունության բարձրացման համալիր միջոցառումներ, ծառուտի սանիտարական վիճակի բարելավում»:

Բացի մասնագիտական գիտելիքների բարելավումից, դասընթացը կրում էր նաև ճանաչողական բնույթ: Մասնակիցները ներկա են եղել «Բելազ» ավտոգործարանում, Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարանում, «Խատին» հուշահամալիրում և «Դուդուտկի» ժողովրդական հնագույն արհեստների և տեխնոլոգիաների թանգարանում:

Դասընթացի վերջին օրը վերապատրաստման կենտրոնում տեղի է ունեցել փորձի փոխանակման հանդիպում, որին դարձյալ ներկա են եղել Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարի առաջին տեղակալ Վ.Շատրավկոն և Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Ա.Ժուրավսկին: Քննարկման ընթացքում մասնակիցների կողմից նախ ներկայացվել է ընդհանուր  տեղեկատվություն՝ Հայաստանի անտառների վերաբերյալ, այնուհետև քննարկվել Բելառուսի Հանրապետությունում ձեռք բերված փորձը: Հանդիպման վերջում վերապատրաստման կենտրոնի տնօրենի կողմից մասնակիցներին հանձնվել են որակավորման բարձրացման վկայականներ:

Երկշաբաթյա դասընթան ունեցել է մեծ արդյունավետություն, որի ընթացքում ձեռք բերված փորձը հնարավորինս կուղղվի Հայաստանի անտառային ոլորտի բարելավմանը:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two × three =