ՄԱԿ ԵՏՀ-ի և ՊԳԿ-ի կողմից կազմակերպված աշխատաժողով՝ անտառային ոլորտին առնչվող չափանիշների ու ցուցանիշների համախմբման վերաբերյալ
ՄԱԿ ԵՏՀ-ի և ՊԳԿ-ի կողմից 2019 թվականի փետրվարի 20-22-ը կազմակերպվել էր աշխատաժողով, որի նպատակն էր վերանայել և վերջնական տեսքի բերել անտառային ոլորտին առնչվող չափանիշների ու ցուցանիշների համախումբը, որը անտառածածկ տարածքների սահմանների, կենսաբազմազանության, սոցիալ-տնտեսական ներազդեցությունների, ինչպես նաև արտադրողական ու պաշտպանիչ գործառույթների մասին է։
«Այս աշխատաժողովի արդյունքները կարող են էապես նպաստել Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններին՝ նպատակ ունենալով ընդլայնել հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ անտառների ոլորտում»,- աշխատաժողովի ընթացքում նշել է ԲՆ անտառային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Վահե Մացակյանը։ «Կենսական նշանակություն ունի անտառների մոնիթորինգի գործունակ համակարգի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գնահատել անտառվերականգնման ջանքերի առաջընթացն ու որակը»,- շեշտել է ՄԱԿ ԵՏՀ/ՊԳԿ Անտառտնտեսության և անտառանյութի հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Էքրեմ Յազիչին։
Անտառային ոլորտին առնչվող չափանիշների ու ցուցանիշների համախումբը ձգտում է թափանցիկ ձևով չափել անտառտնտեսության, անտառային տնտեսության թիրախներին հասնելու գործում Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ անօրինական ծառահատումների կրճատումը և անտառների ու անտառային հողատեսքերի պաշտպանությունը։ Չափանիշների ու ցուցանիշների այդ համախումբը նաև կարող է համահունչ լինել անտառի ազգային նոր ծրագրի մշակմանը:
Հայաստանը «Կովկասում և Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման հաշվետվողականության համակարգեր» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման հաշվի կողմից, որն այս գործընթացում աջակցում է մի քանի երկրների։