Սամվել Սահակյանը մասնակցել է ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումի 14-րդ նստաշրջանին
ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով սույն թվականի մայիսի 6-ից 10-ը գործուղվել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 14-րդ նստաշրջանին։
Այցի շրջանակներում կոմիտեի նախագահի պաշտոնակատարը մասնակցել է «Անտառների վիճակը Կովկասում և Կենտրոնական Ասիայում» թեմատիկ նիստին (կազմակերպվել էր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից), որի ընթացքում ներկայացվել է զեկույց՝ Հայաստանի անտառների վիճակի վերաբերյալ, որից հետո Ս․ Սահակյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին։
Այնուհետև, Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով և ՀՀ զորակցությունն է հայտնել ՄԱԿ-ի անտառների գծով տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից որդեգրած քաղաքականությանը, ինչպես նաև նոր նախաձեռնությանը՝ Չինաստանում անտառների մասով ՄԱԿ-ի քարտուղարության մասնաճյուղ բացելուն, ինչն ամբողջությամբ պետք է ֆինանսավորվի Չինաստանի կառավարության կողմից։
Ֆորումում կատարվել են ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի պաշտոնատար անձանց ընտրությունները, հաստատվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի օրակարգը, քննարկվել ՄԱԿ-ի անտառների զարգացման 2017-2030թթ ռազմավարական ծրագրի կարգավորման ընթացքը, 2017-2030թթ ռազմավարական ծրագրին համապատասխան, ելնելով սեփական երկրում ստեղծված իրավիճակներից, անդամ-երկրների կողմից ներկայացվել են կամավոր ազգային նվիրատվությունների վերաբերյալ հայտարարություններ։
Հատկապես կարևորվել են անտառային ոլորտում վերահսկողության, գնահատման, հաշվետվությունների արժանահավատ կազմման և ներկայացման, մոնիտորինգի մեխանիզմների կատարելագործման հարցերը։ Քննարկվել է նաև անտառների՝ հատկապես կայուն անտառօգտագործմանը վերաբերվող, գլոբալ ցուցանիշների մշակման հարցը և այլ հարցեր։