ԱՊՀ անդամ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նախագահ է ընտրվել Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը
ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի հրավերով սույն թվականի սեպտեմբերի 25-27-ը գործուղվել է Ղազախստանի Հանրապետության Սեմեյ քաղաք՝ մասնակցելու Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 19-րդ նիստին։
Միջկառավարական խորհրդի որոշմամբ՝ ԱՊՀ անդամ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նախագահ է ընտրվել ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը։ Որոշվել է նաև խորհրդի հաջորդ՝ 20-րդ հոբելյանական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։
Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 19-րդ նիստի ընթացքում հավանության է արժանացել անտառարդյունաբերական համալիրի և անտառտնտեսության միջկառավարական խորհրդի 2017-2019 թվականներին գործունեության մասին հաշվետվությունը։ ԱՊՀ անդամ պետությունների անտառային գերատեսչություններին հանձնարարվել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը ճշտել ԱՊՀ անդամ պետությունների սահմանամերձ տարածքներում հիվանդությունների և անտառների վնասատուների օջախների կանխարգելման և վերացման վերաբերյալ համագործակցության մասին 2018 թվականի նոյեմբերի 2-ի համաձայնագրի կատարման պատասխանատուներին, մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը քննարկման ներկայացնել վնասատուների ցանկը, մինչև 2020 թվականի մարտի 1-ը ԱՊՀ անդամ պետությունների հետ համաձայնեցնել սահմանամերձ տարածքներում տարածված վնասատուների ցանկը։
Որոշվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան ծառայություններին ուսումնասիրել հակահրդեհային վարժանքների համատեղ անցկացման հնարավորությունները՝ փորձի փոխանակման նպատակով։
Հավանության է արժանացել նաև անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության մասով միջկառավարական խորհրդի առաջարկություններին մինչև 2030 թվականն ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը։