Հայաստան են ժամանել անտառային տնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտում վերապատրաստվող մասնագետներ
ԱՊՀ անդամ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 19-րդ նիստից հետո ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ սույն թվականի դեկտեմբերի 15-ին Հայաստան են ժամանել անտառային տնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտում վերապատրաստվող մասնագետներ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերին կայացած 19-րդ նիստին, միջկառավարական խորհրդի որոշմամբ, ԱՊՀ անդամ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նախագահ էր ընտրվել ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը։ Որոշվել էր նաև խորհրդի հաջորդ՝ 20-րդ հոբելյանական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանն ընդունել է Անտառային տնտեսության ղեկավար կադրերի և մասնագետների որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտում վերապատրաստվող՝ Հայաստան ժամանած պատվիրակությանը, որի ներկայացուցիչները դեկտեմբերի 15-20-ը կմասնակցեն Հայաստանում անցկացվող անտառային ոլորտի աշխատակիցների ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացին։
Դասընթացը նպատակ ունի բարձրացնել մասնակից երկրների ոլորտային մասնագետների հմտություններն ու կարողությունները, որոնք միտված են բնագավառի կայուն կառավարմանը և հետագա զարգացմանը։
Պատվիրակության ներկայացուցիչները կայցելեն Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններ, ինչպես նաև՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող աշխատանքներին։
Այսօր պատվիրակության անդամները կայցելեն «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ ծանոթանալու այնտեղի տնկարանում իրականացվող փակ արմատային համակարգով տնկիների աճեցմանը, դրանց պահման և վերամշակման պայմաններին, ինչպես նաև՝ հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվող արագ արձագանքման խմբերի մասնագիտական հմտություններին։
Հաջորդ այցը նախատեսվում է դեպի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղ։