Կառավարության նիստում հաստատվել է ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում հայկական ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը։
Ներկայացնելով նախագիծը՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Նա հավելել է, որ այս արգելքը մասնավորապես վերաբերում է վառելափայտին և գերաններին։
Էրիկ Գրիգորյանն ընդգծել է նաև, որ արգելքը գործելու է 6 ամսով, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման։ ԵԱՏՄ երկրների կողմից հաստատվելու դեպքում՝ կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:
Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է պահպանել շրջակա միջավայրը և Հայաստանի Հանրապետությունից փայտանյութ հանդիսացող որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով սահմանել համապատասխան կարգավորումներ։