Պարզաբանում
Քաղաքացի Նորայր Պապյանը 15.04.2020թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ (գրառումը տեղադրվել էր նաև «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում) հայտարարել էր, մեջբերում.
««Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում հարյուրավոր ծառեր են գետնին տապալվում և դա արվում է «վերադասի» իմացությամբ»:
Վերոնշյալ գրառմանը հաջորդել է պետական մարմինների՝ Տավուշի մարզային ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների, ինչպես նաև գրառման հեղինակ Նորայր Պապյանի համատեղ այցելությունն իր իսկ մատնանշած անտառտարածք (Նավուրի անտառպետության թիվ 6 պահաբաժին):
Համատեղ տեղազննման արդյունքում հայտնաբերվել է կտրված 4 հաճարենի (80 սմ, 42սմ, 56 սմ և 52 սմ տրամագծով)։ Ըստ մասնագետների, ծառերը նախապես մասամբ կտրվել են բենզասղոցով դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին, հետագայում՝ տապալվել։ Վերոնշյալ ծառերի կոճղերը կնքվել են, համարակալվել և կազմվել է արձանագրություն:
Քաղաքացի Նորայր Պապյանը, ով ի դեպ մինչև 2020 թվականի հունվար ամիսն աշխատել է վերոհիշյալ «անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի՝ պահպանության գծով տեղակալի պաշտոնում, տեղում հավաստիացրել է, որ իր գրառմանը կցել էր հենց այդ ծառերի լուսանկարները։ Տեղանքի զննմամբ «հարյուրավոր հատված ծառեր», ինչպես նշել էր քաղաքացի Պապյանը, չեն հայտնաբերվել։
Հարկ է փաստել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել անտառային կենսաբազմազանության զարգացմանն ու պահպանմանն ուղղված քաղաքականություն՝ մեծապես կարևորելով դրա նպատակով շահագրգիռ բոլոր կողմերի հետ առողջ, կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում նմանօրինակ նյութերի հրապարակման ժամանակ վերստուգել ստացված տվյալները, հարկ եղած դեպքում կապ հաստատել շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հանուն բնության պաշտպանության ու պահպանության։