Հանդիպում-քննարկում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների տնօրենների հետ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի, տնօրենի տեղակալ Կարեն Ավետիսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների միջև։
Կոմիտեի նախագահի պաշտոնակատար Պետրոսյանը քննարկման մեկնարկին ներկայացրել է համատեղ աշխատանքի օրակարգը՝ ընդգծելով փոխգործակցված աշխատելու կարևորությունը, թիմային փոխգործակցության աստիճանի բարձրացումը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանն էլ իր հերթին ընդգծել է, որ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների հետ հանդիպում-քննարկումները պարբերական բնույթ են կրելու՝ հիմքում ունենալով անտառտնտեսությունների կողմից կատարված աշխատանքների ներկայացումը, խնդիրների ձևակերպման, հանրամատչելի, ամբողջական գույքագրումը և դրանց մասին բարձրաձայնումը, ինչպես նաև անտառային ոլորտում բարեփոխումներին միտված կարճաժամկետ անելիքների մատնանշումը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ վճռական ու շրջադարձային գործելաոճի ներդրումը։
Տնօրենի տեղակալ Կարեն Ավետիսյանը ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևորել է նաև կազմակերպության ինչպես կենտրոնական ապարատի, այնպես էլ մասնաճյուղերի փաստաթղթաշրջանառության իրականացման գործընթացում ժամանակակից միջոցների ներդրումը, կնքվող պայմանագրերի էլեկտրոնային հաշվառմանն անցումը և այլ հարցեր։
Հանդիպմանը քննարկվել են հնարավոր անօրինական անտառհատումների և փայտանյութի տեղափոխման, ՀՀ ՊՆ կարիքների բավարարման համար նախատեսված փայտանյութի, ինչպես նաև անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկ վառելափայտով ապահովելու նպատակով օրենքով սահմանված ընթացակարգերը։
«Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններն ի թիվս այլ խնդիրների ընդգծել են մասնաճյուղերի տարածքների ճշգրտման, քարտեզագրման հետ կապված հարցեր։ Հատկապես խնդրահարույց է դարձել ռազմական գործողություններից հետո սահմանամերձ անտառտնտեսությունների քարտեզագրման հարցը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման շրջանակներում «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքում իրականացված աշխատանքների հետ կապված հարցեր։