Տնկվել են «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի առաջին 1000 ծառերը

Երեկ՝ ապրիլի 10-ին, Արագածոտնի մարզում պաշտոնապես տրվել է «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։ Ծառատունկին ներկա էին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանը, ՀԱԱՀ-ի և Աբովյանի պետական քոլեջի ուսանողներ:
Ծառատունկի մեկնարկին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում տնկել են խորհրդանշական երկու ծառ, այնուհետև ծառատունկը շարունակվել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղին հարող տարածքում, որտեղ տնկվել են «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։ Ծառատունկն իրականացվել է Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ:
Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, կարևորելով այս և նմանօրինակ միջոցառումները, ընդգծել է նաև ապօրինի անտառհատումների դեմ պայքարի կարևորությունը, որի արդյունավետությունը բարձրացնելու և անտառների պահպանությունն առավել պատշաճ իրականացնելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ստեղծել Անտառային ծառայություն:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 + 1 =