Ամփոփվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառներում իրականացված ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները
Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանի մոտ այսօր՝ հուլիսի 2-ին, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության պետ Գագիկ Ասլանյանի, «ԱՐՄ- ԱԷՐՈ» ՓԲ ընկերության տնօրեն Սամսոն Հակոբյանի և ԱԿ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանի մասնակցությամբ։
Քննարկման առանցքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառներում իրականացված ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումների ամփոփման, հետագա անելիքների նախանշման հետ կապված հարցերն էին։
Քննարկման մեկնարկին Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա․ Պետրոսյանը, կարևորելով հիվանդությունների և վնասատուների դեմ իրականացված ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները, շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին ներդրած ջանքերի համար՝ ընդգծելով, որ անտառների պաշտպանության ուղղությամբ կատարված այս կարևորագույն աշխատանքը պետք է կրի շարունակական բնույթ։
Պետրոսյանն իր խոսքում կարևորել է առաջիկա տարիներին իրականացվելիք նույնատիպ աշխատանքների նախապես կանոնակարգելու հարցերը, մասնավորապես՝ ավիաքիմիական պայքարի միջոցառումներն իրականացնելուց առաջ անհրաժեշտ տեխնիկայի և այլ պարագաների ձեռքբերման գնային քաղաքականության նախապես մշակում, կառավարության որոշման նախագծի պատրաստում և այլ անհրաժեշտ գործողությունների մշակում՝ հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը ժամանակին և առավել արդյունավետ իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 14-ից 24-ը հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի աշխատանքները կատարվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» և «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Աշխատանքները կատարվել են 5533 հա անտառածածկ տարածքներում, որից տերևակեր վնասատուներով վարակված տարածքները կազմել են 5400 հա, վնասատուներով և հիվանդություններով համատեղ վարակված տարածքները՝ 2947 հա, միայն հիվանդություններով վարակված տարածքները՝ 133 հա։
Վնասատուների դեմ օգտագործվել է 2700 կգ «Ալֆան» տեսակի թունանյութ, իսկ հիվանդությունների դեմ՝ 1540 կգ «Տրիֆոն» տեսակի թունանյութ։