Աշխատանքային այց Տավուշի և Լոռու մարզում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր
Տավուշի և Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը հանդիպել է «Թումանյանի անտառտնտեսություն» և «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների ու աշխատակիցների հետ։
Հանդիպմանը ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ներկայացրել է այցի նպատակները, անտառկառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները և առաջիկա անելիքները։
Խոսելով անտառպահպանության ոլորտի բարեփոխումներից և նյութատեխնիկական վերազինման ծրագրերից՝ Ցուգունյանը
նշել է, որ աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում լուրջ ֆինանսական միջոցներ ներգրավել անտառպահպանության ոլորտի բարեփոխումների, արդյունավետության բարձրացման և տեխնիկական վերազինման համար։
Հաշվի առնելով անտառներում տեղաշարժվելու դժվարությունները և առանձնահատկությունները, որոշում է կայացվել ձեռք բերել նաև 40 գլուխ ձի՝ դժվարանցանելի հատվածներում անտառպահպանության աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացնելու համար։
Առաջիկայում ձեռք կբերվեն նաև երկու տնակ, որոնք կտեղակայվեն Թումանյանի տեղամասի և Դսեղի մասնաճյուղի պահպանության վայրերում։ Տնակների գնման մրցույթն արդեն հայտարարված է։
Ցուգունյանը նշել է, որ անտառպահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված բոլոր ներդրումներն անարդյունավետ կլինեն, եթե աշխատակիցները չդրսևորեն բարձր պատասխանատվություն՝ իրենց աշխատանքը կատարելու և շրջակա միջավայրի պահպանության հարցում։
«Անտառպահպանությունը մեր առաջնային խնդիրներից է, մենք չափանիշների նոր նշաձող ենք սահմանելու այս ոլորտում և այն աշխատակիցները, ովքեր չեն ցանկանա նոր սկզբունքներով և չափանիշներով աշխատել, կարող են բարեխիղճ գտնվել և իրենց համար աշխատանքի այլ ոլորտ գտնել։ Իհարկե, կան խնդիրներ, մասնավորապես, աշխատավարձերի հետ կապված, բայց պետք է նշեմ, որ արդեն հաջորդ տարվանից որոշ նորմատիվներ կվերանայվեն, ինչը կհանգեցնի աշխատավարձերի բարձրացմանը։ Այս ամենով հանդերձ, մի բան ակնհայտ է, բնության հաշվին կոմպրոմիսների չենք գնա, ապօրինություններ թույլ տված բոլոր անձինք կպատժվեն»,- աշխատակիցների հետ քննարկմանը ընդգծել է Ցուգունյանը։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը ծանոթացել է «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքային նոր պայմաններին, լսել է աշխատակիցների բարձրաձայնած խնդիրները։
Այցի ընթացքում Ցուգունյանը շրջել է նաև անտառտնտեսության պահպանության ներքո գտնվող մի շարք հատվածներում, ցուցումներ տվել անտառպահպանության արդյունավետ կազմակերպման հետ կապված։