Արթուր Պետրոսյանը մասնակցել է հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը սույն թվականի նոյեմբերի 24-26-ը գործուղվել է Բելառուսի Հանրապետություն (քաղաք Մինսկ)՝ մասնակցելու
հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին (նիստը կայացել է նոյեմբերի 26-ին)։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են նաև շրջակա միջավայրի պահպանության, միջտարածաշրջանային ոլորտներում համագործակցությունը և դրանց ընդլայնման հեռանկարները։
Ստորագրվել է հայ-բելառուսական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որի կարևոր դրույթներից են Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների անտառային ոլորտը համակարգող գերատեսչությունների համագործակցությանը (կայուն անտառկառավարում, վնասատուների դեմ պայքար, անտառօգտագործում, հակահրդեհային միջոցառումներ և այլն) վերաբերող հարցերը։
Մինսկ կատարած այցի ընթացքում Պետրոսյանն այցելել է Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Ա. Ժուրավսկին Պետրոսյանին ներկայացրել է իր ղեկավարած հաստատության գործունեությանը, առկա հնարավորություններին վերաբերող մանրամասներ։ Պետրոսյանն էլ իր հերթին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անտառային ոլորտում առկա խնդիրները, առանձնահատկությունները, ընդգծել է երկու երկրների անտառային ոլորտի խնդիրների վեր հանման և լուծումների նախանշման հարցում արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Կենտրոն կատարած շրջայցից հետո Ա.Պետրոսյանը և Ա. Ժուրավսկին ստորագրել են Անտառային կոմիտեի և Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության աշխատակիցների վերապատրաստման կենտրոնի միջև համագործակցության հուշագիր։