Անտառների միջազգային օրվան նվիրված առցանց հանդիպում
Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանն այսօր մասնակցել է առցանց համաժողովի՝ նվիրված Անտառների մջազգային օրվան (2012 թ․ ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Անտառների միջազգային օր)։ Համաժողովի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել Հյուսիսի անտառների կարևոր դերի ու նշանակության վրա՝ մարդկային կյանքի և կայուն զարգացման շրջանակներում։
Համաժողովին մասնակցել են “FAO” (Food and Agriculture Organization, «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» ) միջազգային կազմակերպության՝ Մոսկվայում պաշտոնական ներկայացուցիչ Իվան Սովետնիկովը,Վլադիմիր Կուզնեցովը և ուրիշ ներկայացուցիչներ։
Մասնակիցները շնորհավորել են միմյանց օրվա առթիվ, ընդգծել անտառների կարևորությունը և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներն իրենց կարևոր դերը կունենան անտառների շուրջ բարձրացված խնդիրների, առաջարկությունների և հարցերի դեպքում։
Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է անտառվերականգնման, պահպանության և անտառպաշտպանության ապագա ծրագրերը՝ “FAO”-ի շրջանակներում, ինչպես նաև՝ կիսվել են սեփական փորձով՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված։
Զեկույցներով հանդես են եկել ինչպես “FAO”-ի, այնպես էլ Անտառային կոմիտեի ներկայացուցիչները։
Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը մասնավորապես ներկայացրել է “FAO”-ի հետ համագործակցության շրջանակներում իրականցված և նախատեսվող աշխատանքները՝ նշելով սույն թվականին մեկնարկած «Հողերի կայուն կառավարում և դեգրադացված լանդշաֆտների վերականգնում» ծրագիրը, որի ընթացքում նախատեսվում է կատարել լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև հիմնել ժամանակակից տնկարանային տնտեսություններ՝ փակ արմատային համակարգով տնկանյութեր աճեցնելու համար։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը կրկին հույս են հայտնել,որ հաջորդ տարի ևս կհանդիպեն նման համաժողովի շրջանակներում՝ կիսվելու փորձով և ներկայացնելով կատարված աշխատանքների արդյունքները։