Վլադիմիր Կիրակոսյանը և Սերգո Աթանեսյանը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին
Մարտի 23-ին Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը մասնակցել են ԱՊՀ տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին, որին, բացի Ադրբեջանի Հանրապետությունից, մասնակցել են ԱՊՀ անդամ բոլոր պետությունները։
Առցանց նիստը սկսել է համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Յագոդկինը՝ շնորհակալություն հայտնելով մասնակցության և փայտարդյունաբերության և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի մինչև 2025 թ․ ընկած ժամանակահատվածի գործողությունների ծրագրի վերաբերյալ զեկույց ներկայացնելու հնարավորության համար։ Ալեքսանդր Յագոդկինն իր խոսքում նշել է, որ ԱՊՀ Անտառային տնտեսության միջկառավարական խորհուրդը գործում է 1988 թվականից, որի նպատակն է ԱՊՀ երկրների փայտամշակման համալիրի և անտառտնտեսության ոլորտում համագործակցության զարգացումը։
Համաժողովին զեկույցով հանդես են եկել Ալեքսանդր Յագոդկինը, Նոր տեխնոլոգիաների զարգացման և առևտրայնացման կենտրոնի ԱՊՀ-ի հետ տարածաշրջանային զարգացման և համագործակցության գծով փոխնախագահ Ալեքսանդր Օկունևը և այլ ներկայացուցիչներ՝ ներկայացնելով 2016-2020 թթ․ կատարված և մինչև 2025 թ․ իրականացվող ծրագրերը՝ անտառպատման, անտառվերականգնման և անտառպաշտպանության։
Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը երկու փուլով զեկուցել է Անտառային կոմիտեի ծրագրերը։
Առաջին փուլով իրականացված (2016-2020 թթ․) աշխատանքները․
Կնքվել է համաձայնագիր՝ ԱՊՀ անդամ պետությունների սահմանամերձ տարածքներում հիվանդությունների և անտառային վնասատուների օջախների կանխարգելման և վերացման ուղղությամբ համագործակցության մասին
Մշակվել են փոխգործակցության մեխանիզմներ հարակից տարածքներում անտառային հրդեհների կանխարգելման համար
Կատարվել է անտառային տնտեսության արդիական խնդիրների վերաբերյալ փորձի փոխանակում՝ միջոցառումների, մասնագետների փոխայցելությունների և այլ ձևաչափերով
Երկրորդ փուլով ներկայացվել է Անտառտնտեսության և անտառային արդյունաբերության ոլորտում ԱՊՀ պետությունների միջև համագործակցության հիմնական ուղղությունների իրականացումը՝ 2022-2025 թթ-ին։
ԱՊՀ անդամ պետությունների անտառտնտեսության և անտառային արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության կատարելագործում և ներդաշնակեցում
Անտառային տնտեսության կառավարման արդյունավետության բարձրացում
Փայտանյութի արտադրանքի շուկաների զարգացում, սպառողական ապրանքների մրցունակության բարձրացում և անտառային էկոհամակարգային ծառայությունների շուկայի ձևավորում
ԱՊՀ անդամ պետությունների անտառտնտեսության և անտառային արդյունաբերության մրցունակության բարձրացում
Անտառները հրդեհներից,վնասատուներից , հիվանդություններից և այլ անբարենպաստ գործոններից պաշտպանելու արդյունավետության բարձրացում
Անտառների արտադրողականության բարձրացում և տեսակային կազմի բարելավում։
Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանն ամփոփելով զեկույցը՝ նշել է, որ գործողությունների ծրագրի հաջող իրականացումը կամրապնդի տնտեսական անվտանգությունը, ԱՊՀ անդամ երկրների գլոբալ տնտեսության դիրքերը անտառային արդյունաբերության ոլորտում, կնպաստի տնտեսության անտառային հատվածի և հարակից արդյունաբերության կայուն զարգացմանը։