Կայացել է համապետական ծառատունկ
Ծառ տնկելը կյանքի շարունակության խորհուրդն է, այն մեր երազանքների, ապագայի վերածնունդն է։ Պետք է հոգատար և ուշադիր լինենք մեր երազանքների նկատմամբ.դրանք իրականանալու «սովորություն» ունեն։
Ծառատունկը համախմբում է բոլորին մեկ միասնական, հանրօգուտ գաղափարի շուրջ, որի իրականացման դեպքում, հնարավորինս,կկարողանանք պայքարել կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և հողերի դեգրադացիայի դեմ, ինչպես նաև՝ պահպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու վերականգնել էկոհամակարգերը։
Ինչպես արդեն նշեվել էր, մայիսի 7-ը հայտարարվել էր համապետական ծառատունկի օր, որի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ),Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը , Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և մյուս գերատեսչությունների ղեկավարներ և աշխատակազմի ներկայացուցիչներ Արագածոտնի մարզում («Արագածոտնի անտառտնտեսություն» Բյուրականի անտառպետություն) մասնակցել են ծառատունկի։
Նշված տարածքում տնկվեց շուրջ 8500 տնկի։
Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին՝ սոճի,կաղնի, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։
«Ծառատունկից ավելի կարևոր է ծառերի հետագա խնամքը, այնպես որ սա միայն ժամերի աշխատանք չէ, այլ՝ տարիների»,- նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։




