ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր
Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնակատար Մարիամ Մովսեսյանը։
Ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՊԳԿ ներկայացուցիչներին հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ երկու կառույցների միջև առկա են փոխգործակցության լավ նախադեպեր, արդյունավետ համագործակցության լայն շրջանակ:
Հանդիպման առանցքում «Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցերի քննարկումն էր։
Նորբերդ Ուինքլերը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իր և իրենց կազմակերպության համապատասխան փորձագետների՝ Լոռու և Սյունիքի մարզեր կատարած այցելության տվյալները։ Նշված մարզերում, ի թիվս այլ աշխատանքների, նախատեսվում է նաև ջերմոցների հիմնում։
Նախնական քննարկման արդյունքում որոշվել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում հիմնել այսպես կոչված սառնարանային սենյակներ, որտեղ նախատեսվում է պահպանել սերմեր։
Քննարկվել են նաև ծրագրի շրջանակներում իրականացվող անտառապատման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող մի շարք հարցեր։
Որոշվել է` առաջիկա աշնանը մեկնարկելու են հողերի նախապատարաստական աշխատանքներ՝ գարնանային ծառատունկի համար նախատեսված անտառային տարածքներում։
Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շահագրգռված են բնապահպանական ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ, քանի որ դրանց իրականացման արդյունքում ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծումներ կստանան՝ ի նպաստ անտառային ոլորտի կայուն և դինամիկ զարգացման։