Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանն այսօր աշխատանքային հանդիպում են ունեցել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անտառվերականգնման նոր ծրագրերին վերաբերող հարցեր, ինչպես նաև ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման և առհասարակ անտառպահպանության ուղղությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ կոմիտեն Լոռու մարզպետարանի և Լոռու մարզի ոստիկանության հետ ակտիվ համագործակցությամբ միայն կարող է արդյունավետ աշխատել, որպեսզի համակարգում կատարված և կատարվելիք դրական փոփոխությունները նկատելի լինեն: Նա նաև նշել է, որ Հայաստանի անտառների 62 տոկոսը Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում են, հետևաբար ապօրինի անտառահատումների ծավալները այստեղ ամենամտահոգիչն են։
Շարունակելով խոսքը՝ Կիրակոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը ֆինանսավորել է Լոռու մարզում անտառապատման, անտառվերականգնման,
կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքները՝ մարզի տարածքում անտառածածկն ավելացնելու նպատակով:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Կիրակոսյանին հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ Լոռու մարզպետարանը խիստ կարևորում է անտառպահպանության հարցերը և ամեն կերպ աջակցում բնապահպանական խնդիրների մեղմմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու միջոցառումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թափուկ վառելափայտի բաշխմանը, էկոտուրիզմին,անտառային տարածքների վարձակալությանը և ընթացիկ այլ աշխատանքներին վերաբերող հարցեր։