Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հետ
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը հանդիպում-քննարկում են ունեցել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի և մարզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Քննարկման առանցքում եղել են ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, նոր՝ առավել խստացված ծառայության ներդրմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է՝ Լոռու մարզի ոստիկանության հետ ակտիվ համագործակցությամբ միայն կարող է արդյունավետ աշխատել, համակարգում կատարված և կատարվելիք դրական փոփոխությունները նկատելի դարձնելու համար։
Կիրակոսյանը նաև ասել է, որ համատեղ ձեռնարկվող միջոցառումների և ուժեղացված ծառայության շնորհիվ նվազագույնի կհասնեն նաև փայտանյութի ապօրինի վաճառքի ծավալները։
Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ իր ղեկավարած կառույցում առաջնահերթություն է տրվում ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերող և առհասարակ անտառպահպանության հարցերին։ Ազիզյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը առավել ցանկալի արդյունքներ գրանցելու համար։
Մարզի ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն էլ ներկայացրել են իրենց տարածքներին հատուկ խնդիրները, նախանշվել են այդ խնդիրների լուծման համար օպտիմալ մեխանիզմներ: