Անտառային կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը շարունակում է այցելել «Անտառտնտեսություն» մասնաճյուղեր
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի, Թումանյանի անտառտնտեսություններ, ինչպես նաև՝ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի տեղամաս։
Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, կոմիտեի և ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներ։
Մասնաճյուղերում կոմիտեի նախագահ Կիրակոսյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություններ, ապա տեղի են ունեցել շրջայցեր՝ անտառտնտեսությունների տարածքներում։
Անտառտնտեսությունների աշխատակիցները ներկայացրել են առաջիկա ծառատունկի համար իրականացվող նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են ծառատունկի համար առավել հարմար տարածքների ընտրության, ինչպես նաև այլ ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Քննարկվել են հատատեղերի շահագործման հետ կապված հարցեր, «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարվել է հատատեղերը շահագործել սահմանված ժամկետում՝ չթողնելով թերհատ հատատեղեր։
Անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի աշխատանքներն իրականացնել բարեխղճորեն, պատշաճ, զերծ մնալ ցանկացած տեսակի ապօրինությունից, ինչպես նաև խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները։
Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել անտառպատման աշխատանքների պատշաճ և ճիշտ ժամանակին կատարելուն։
Քննարկվել են նաև մասնաճյուղերի շենքային պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր։



print