Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է «Սիսիանի անտառտնտեսություն» և «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղեր
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» և «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղեր։
Աշխատանքային խմբում ընդգրկված են եղել կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, կոմիտեի և ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցներ։
Մասնաճյուղերում կոմիտեի նախագահ Կիրակոսյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություններ, ապա տեղի են ունեցել շրջայցեր՝ անտառտնտեսությունների տարածքներում։
Անտառտնտեսությունների աշխատակիցները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, դրանց լիարժեք կատարման համար աշխատանքային պրոցեսում նախանշված խնդիրները։
Անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի աշխատանքներն իրականացնել բարեխղճորեն, պատշաճ, զերծ մնալ ցանկացած տեսակի ապօրինությունից, ինչպես նաև խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները։
Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել անտառպատման աշխատանքների պատշաճ և ճիշտ ժամանակին կատարելուն։
«Անտառտնտեսություն» մասնաճյուղերի վարձակալության հանձնված տարածքների նպատակային օգտագործման գործընթացում արձանագրվել են որոշակի խախտումներ և թերություններ, ինչի հետևանքով որոշ պայմանագրերի լուծման գործընթաց է մեկնարկել։
«Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում քննարկվել են հատատեղերի շահագործման հետ կապված հարցեր, «Անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարին հանձնարարվել է հատատեղերը շահագործել սահմանված ժամկետում՝ չթողնելով թերհատ հատատեղեր։