Վլադիմիր Կիրակոսյանն ուսուցողական այցով Ֆինլանդիայում է
«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած պատվիրակությունն ուսուցողական այցով Ֆինլանդիայում է։
Պատվիրակության կազմում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն տեղակալ Արման Ավագյանը, ‹‹Հայաստանի բնության պետական թանգարան›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Գալստյանը, նախարարության Ռազմավարական քաղաքականության և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության ղեկավարներ Լուսինե Ավետիսյանը և Ոսկեհատ Գրիգորյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Ուսուցողական այցի նպատակն է մասնակիցներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Ֆինլանդիայի բնության պահպանության ինստիտուցիոնալ կառուցվածքին, կենսաբազմազանության մոնիթորիգի և հաշվետվությունների կազման փորձին՝ ազգային, Եվրոպական միության և միջազգային համատեքստում, ինչպես նաև կենսաբազմազանության տվյալների հոսքերի կառավարմանը:
Ուսուցողական այցը հիմնված է Չեխիայի բնության պահպանության գործակալության, Ֆինլանդիայի շրջակա միջավայրի ինստիտուտի (SYKE) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվող թվինինգ Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վրա:
Նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆինլանդիայի շրջակա միջավայրի ինստիտուտ (SYKE), որտեղ հայ մասնագետներին է ներկայացվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառուցվածքը և կառավարման ֆիննական փորձը։
Իրականացվել են այցելություններ տարբեր կառույցներ, ինչպիսիք են Անտառների և պարկերի ծառայությունը, Բնության թանգարան LUOMUS-ը, Ֆինլանդիայի բնության կենտրոնն Հալտիայում և բնության պահպանության ընտրված տարածք:
Կողմերը փոխադարձ ընդգծել են, որ մեր երկրների միջև առկա է երկարաժամկետ համագործակցության և փորձի փոխանակման բավականին լավ պրակտիկա։