Համապետական ծառատունկի շրջանակներում 130 հա տարածքում տնկվելու է շուրջ 451 000 տնկի
Այսօր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի, Վայոձ ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների, զինծառայողների և Եղեգնաձորի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ միասին ծառատունկ իրականացրեցին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետության տարածքում:
Նշված տարածքում տնկվեց շուրջ 9000 տնկի։ Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի:
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսված է շուրջ 130 հա տարածքում ծառատունկ իրականացնել՝ օգտագործելով 451 000 տնկանյութ։ Աշխատանքների մեծ մասն արդեն իսկ իրականացվել է հենց այսօր։
Կլիմայական օրակարգում այս ծառատունկով մենք ևս մեկ քայլով մոտեցանք Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքներն ավելացնելու մեր միասնական տեսլականին: