Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված առաջին կլոր սեղան-քննարկմանը
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված առաջին կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել են նաև անտառային ոլորտի խնդիրներին առնչվող պետական գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների, միջազգային և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ կոմիտեի նախագահ Կիրակոսյանն իր ելույթում ընդգծել է՝ շատ ուրախալի և հուսադրող է այն փաստը, որ դաշինքն իր գործունեության շրջանակը չի սահմանափակում միայն փաստաթղթերի ստորագրմամբ, այլ այն տեղափոխում է գործնական դաշտ՝ ակտիվ քննարկումների և հանդիպումների միջոցով գտնելու անտառային ոլորտում առկա խնդիրների լուծումները։
«Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Վարչապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ այսօրինակ հանդիպումները, պետք է միտված լինեն նաև այդ ճանապարհային քարտեզի միասնական մշակմանը, քանի որ միայն համադրելով առկա տեղեկատվությունը և միավորելով ջանքերը, մենք կարող ենք ոլորտում իրական բարեփոխումների ականատեսը լինել։
Կիրակոսյանը, անդրադառնալով անտառապատման և անտառվերականգնման տարածքների հայտնաբերման և քարտեզագրման հետ կապված հարցերին՝ ընդգծել է, որ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառտնկումները պլանավորում է անտառկառավարման պլաններով նախատեսված վայրերում։
«Ներկայումս ոչ բոլոր «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլաններն են հաստատված, մի քանիսը գտնվում են մշակման փուլում և, այդ հանգամանքը հաշվի առնելով, անտառապատման համար նպաստավոր տեղի ընտրությունը, աշխատանքների պլանավորումը և իրականացումը տեղի է ունենում մասնագիտական խմբի կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում»,-ասել է Կիրակոսյանը՝ հավելելով նաև՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ՝ անտառատնկման համար պիտանի տարածքների ընտրման նպատակով։
«Անտառտնկման համար պոտենցիալ տարածքների նախանշմանը պետք է հաջորդի այդ վայրերում մասնագիտական խմբի կողմից ինչպես դաշտային, այնպես էլ մի շարք այլ ուսումնասիրությունների իրականացում։ Առնվազն պետք է հստակեցվեն ընտրված տարածքների հողերի նպատակային նշանակությունը, սեփականատերերը, պետք է հաշվի առնվի նախանշված տարածքների ոռոգման հնարավորությունները։ Ամբողջական և համակողմանի ուսումնասիրություններից հետո է միայն հնարավոր հստակ ամրագրել անտառապատման համար տարածքներ»,- ասել է Կիրակոսյանը։
Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկման ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ներառված են լինելու տարբեր գերատեսչությունների մասնագետներ, ովքեր ի թիվս այլ աշխատանքների զբաղվելու են անտառապատման համար նախատեսված տարածքների հայտնաբերման և քարտեզագրման հետ կապված հարցերով։











