Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենների հետ

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը։Աշխատանքային խորհրդակցության առանցքում առաջիկա աշնանը նախատեսվող անտառապատման, ինչպես նաև անտառամերձ բնակավայրերի բնակչությանն անվճար թափուկ վառելափայտի տրամադրմանը վերաբերող հարցեր էին։Վլադիմիր Կիրակոսյանը «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին հորդորել է կենտրոնացնել ողջ կարողություններն ու ներուժը, քանի որ առաջիկա աշնանը սպասվում են աննախադեպ մասշտաբի անտառապատման աշխատանքներ։ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են իրենց մասնաճյուղերում առկա խնդիրները, որոնք կարող են դանդաղեցնել ծառատունկի նախապատրաստման աշխատանքները։ Կիրակոսյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին և մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարել է հետևողական լինել անտառտնտեսություններում իրականացվող աշխատանքներին, չանտեսել որևէ դետալ, որը կարող է խոչընդոտել սպասվող անտառապատման աշխատանքների բնականոն ընթացքին։
Կիրակոսյանը նաև նշել է, որ սպասվող մեծամասշտաբ անտառապատման աշխատանքներում ներգրավվելու են նաև նոր սեզոնային աշխատակիցներ, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում։
Անդրադառնալով թափուկ վառելափայտի անվճար տրամադրման ընթացակարգին՝ Կիրակոսյանը նշել է, որ առաջիկայում պետք է փոխվի թափուկի տրամադրման ժամանակահատվածը, պետք է բացառել տարվա բոլոր ամիսներին թափուկի տրամադրումը, որպեսզի անտառտնտեսություններում իրականացվող մյուս ընթացիկ աշխատանքների կատարման արդյունավետությունը ևս բարձրանա։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

13 + 20 =