Հուշանվերներ և պատվոգրեր՝ անտառագետի օրվա առիթով
Օրվա խորհրդին համահունչ՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի և Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի կողմից Անտառային ոլորտում երկարամյա արդյունավետ և անբասիր գործունեության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Անտառային կոմիտեի ղեկավար կազմի և մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ պարգևատրվել են անվանական հուշանվերներով և խրախուսական շնորհակալագրերով։
Ողջունելով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ողջ աշխատակազմին՝ կոմիտեի նախագահ Կիրակոսյանն ընդգծել է՝ մեծ գնահատանքի են արժանի անտառային ոլորտում տարիներ շարունակ աշխատած մասնագետները, ովքեր իրենց նվիրումն ու մասնագիտական գիտելիքները հմտորեն փոխանցել են և շարունակում են փոխանցել իրենց կողքին աշխատողներին, ովքեր ևս, գիտակցելով իրենց չափազանց պատասխանատու առաքելությունը, անում են առավելագույնը՝ ոլորտում գեթ մեկ դրական փոփոխություն անելու, եղած լավը պահելու և զարգացնելու համար։
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Կիրակոսյանը նշել է, որ անտառային ոլորտում աշխատող ցանկացած մարդ, անկախ նեղ մասնագիտական որակումից, կոչված է անել առավելագույնը անտառների պահպանման համար, ինչը ամենաուղի կերպով նպաստելու է կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմանը։
«Անկախացումից ի վեր տարիներ շարունակ անտառը հանդիսացել է մարդկանց գոյատևման աղբյուր։ Ուստի, անտառների պահպանումը, վերականգնումը և ռացիոնալ օգտագործումը ոչ միայն մասնագետների, այլև յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Անգնահատելի է հատկապես անտառների դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, որը մերօրյա լուրջ մարտահրավեր է ողջ մոլորակի համար»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով․ «Մենք պետք է գիտակցենք, որ անտառը բնության կողմից մեզ տրված անգնահատելի հարստության և առողջության աղբյուր է, շրջակա միջավայրի անվտանգության երաշխիք։ Այս տոնական օրը պետք է մեր շնորհակալությունը հայտնենք բոլոր անտառագետներին, որոնց համար անտառի պահպանությունն ու պաշտպանությունը ոչ միայն աշխատանք է, այլ նաև՝ կոչում»:
Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ «Անտառների միջազգային օր»-ը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են: Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11.2%-ը։