Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերի ղեկավարած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին «Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը, ՊԳԿ ազգային փորձագետ, ծրագրի խորհրդատու Ռուբեն Պետրոսյանը, անտավերականգնման և անտառների կայուն կառավարման գծով մասնագիտացած փորձագետներ Ռավյա Հուսեյնը ևԿենիչի Շոնոն։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Մարիամ Մովսեսյանը։
Ողջունելով ներկաներին՝ Վլադիմիր Կիրակոսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՊԳԿ ներկայացուցիչներին հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ երկու կառույցների միջև առկա փոխգործակցության արդյունքներն առավել տեսանելի են նաև ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների համատեքստում։
Նորբերդ Ուինքլերը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իր և իրենց կազմակերպության համապատասխան փորձագետների՝ մարզեր կատարած այցելությունների վերաբերյալ տվյալներ, այնուհետև նշել, որ գույքագրվել են այս պահի դրությամբ առկա կարողությունները, հնարավորությունները։ Ուինքլերը նաև նշել է, որ վերջերս Հռոմ կատարած այցի շրջանակներում իր կողմից ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տվայլներ են ներկայացվել նաև այնտեղի գործընկերներին։
ՊԳԿ տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատուն իր խոսքում կարևորել է նաև ծրագրի շրջանակներում անտառային ոլորտի միջազգային փորձագետների՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ անցկացվող մասնագիտական դասընթացները, որոնց շրջանակներում անդրադարձ է կատարվում սերմերի հավաքման, մշակման, պահպանության, ցանքսի և այլ մասնագիտական հարցերի։ Նա նաև տեղեկացրել է, որ այս ամսվա ընթացքում իր ղեկավարած աշխատանքային խումբն առնվազն 2 մարզային այց ևս կատարելու է։
Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շահագրգռված են բնապահպանական ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ։









