Էկոկրթական միջոցառումներ Անտառային կոմիտեում

Էկոկրթության զարգացումը խրախուսելուն միտված միջացառումների համատեքստում Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանն այսօր ընդունել են «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի՝ շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրված սաների և մանկավարժների։
Անտառային կոմիտե այցելած սաներն առաջիկայում «Մոլորակը մեր տունն է» խորագրի ներքո ավարտական աշխատանքներ են ներկայացնելու։ Աշակերտները, որպես իրենց աշխատանքների կարևոր բաղադրիչ պատկերացնում են անտառային ոլորտին առնչվող հարցերը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, ողջունելով աշակերտներին և հանդիպման մյուս մասնակիցներին, կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը` դրանք որակելով անչափ արժեքավոր՝ էկոլոգիական կրթության և դաստիարակության հարցում։
Կիրակոսյանը նշել է նաև, որ անտառների պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջընթաց գրանցելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացում բարձրակարգ մասնագետներ ներգրավելու նպատակով շատ կարևոր է մեր երկրի էկոլոգիական կրթության բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը։
Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, սահիկաշարի միջոցով աշակերտներին է ներկայացրել անտառների դերի ու նշանակության, դասակարգման, կրճատման պատճառների (անտառահատումներ, անտառային հրդեհներ, կլիմայի փոփոխություն, անտառների՝ վնասատուներով վարակվածություն) մասին մի շարք կարևոր տեղեկություններ, այնուհետև պատասխանել է երեխաների՝ բնության խնդիրներին վերաբերող հարցերին։
Հանդիպման ավարտին կրթահամալիրի մանկավարժները և սաներն իրենց գոհունակությունն են հայտնել Անտառային կոմիտեի նախագահին և տեղակալին՝ անչափ կարևորելով ոլորտի պատասխանատուների պատրաստակամությունը մատաղ սերնդին ճիշտ կողմնորոշելու և էկոկրթական մակարդակը զարգացնելու հարցում։
Կրթահամալիրի սաներին անչափ ոգևորել է նաև Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի՝ իրենց ուսումնական հաստատության բակում ծառատունկ կազմակերպելու գաղափարը։ Կիրակոսյանը նշել է, որ առաջիկա աշնանը սպասվող ծառատունկին ընդառաջ պատրաստ է իր ղեկավարած գերատեսչության մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներին գործուղել իրենց կրթահամալիրի բակ տեղում ուսումնասիրություններ կատարելու և ծառատնկման համար առավել նպաստավոր տեղեր նախանշելու համար։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × one =