Հանդիպում-քննարկում անվտանգության համակարգերի ներմուծման ընկերության ներկայացուցիչների հետ
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է «Ջի Էս Սի» անվտանգության համակարգերի ներմուծման ընկերության տնօրեն Հայկ Ավետիսյանին և անցման-հսկման, անվտանգության, հակահրդեհային և տեսահսկման համակարգերի HIKVISION ընկերության վաճառքի և պրոյեկտների զարգացման տարածաշրջանային պատասխանատու Մաքսիմ Բինին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը:
Հանդիպման նպատակը շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմանն ընդառաջ անտառային տարածքներում անվտանգության՝ մասնավորապես հակահրդեհային և տեսահսկման համակարգերի ներդրման, անտառային և անտառամերձ (մուտքերի և ելքերի մոտ) հատվածներում անվտանգություն ապահովող համապատասխան կահավորանքին վերաբերող հարցերի քննարկումն էր։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում նշել է՝ լիահույս է, որ անտառներում անվտանգության համապատասխան համակարգերի պատշաճ կահավորանքը տեսականորեն անհնարին է դարձնելու ապօրինի ծառահատումները և այլ անտառխախտումները։
HIKVISION ընկերության ներկայացուցիչն էլ իր հերթին նշել է, որ արդեն իսկ ունեն անտառային տարածքներում անվտանգության համակարգերի տեղադրման փորձ, մասնավորապես իրենց ընկերության համապատասխան անվտանգության համակարգերը տեղադրվել են Տաջիքստանի, Մոլդովայի, Ղազախստանի անտառներում։ Նա նաև տեղեկացրել է, որ այդ սարքերն աշխատում են ինչպես արևային էներգիայով, այնպես էլ անլար լոկալ ցանցի և այլ միջոցներով։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս հանդիպում կազմակերպել՝ առավել գործնական տիրույթում քննարկում ունենալու և ընկերության կարողություններին առավել հստակ ծանոթանալու նպատակով։


